Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ո՞Ւր է տանում հերթական պոպուլիստական PR քայլը

Ո՞Ւր է տանում հերթական պոպուլիստական PR քայլը
25.11.2008 | 00:00

ԲԱՆՆ ԱՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄՏԱԾԵՔ, ԷԼԻ՛
Չնայած բոլորը գիտեն, որ մեր դպրոցներում տարիներ շարունակ ավանդույթի ուժ ստացած դրամահավաքի վերջին արգելքը հիմնականում ձևական բնույթ է կրում (լավ է` գոնե թեժ գծով զանգող-չներկայացող ծնողների թիկունքում թաքնվելու և` «ստում էր» ասելու հնարավորություն կա, թե չէ խեղճ լինեն` ի՞նչ էին անելու…), բոլորն են հասկանում, որ իշխանություններին հաջողվեց հերթական այս պոպուլիստական PR քայլը «քաղաքական իմաստով դուր չեկող» տնօրենների դեմ շրջել, չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ «սև շուկայի կանոնների համաձայն»` վերոհիշյալ արգելքն իրականում ընդամենը դրամահավաքի գործընթացը խոր ընդհատակ «մտցրեց»:
Այն աստիճան ընդհատակ, որ դպրոցների տնօրենները սկսել են «ամեն տեղ աչք ու ականջ փնտրել, եռակի-քառակի-հնգակի պաշտպանական բարիկադներ կառուցել իրենց համար»` անգամ Պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացուցիչներին որպես «լրտես ընկալելով»…
Ի միջի այլոց, հենց այն է, ցանկանում էինք թատրոն զանգահարել կամ այցելել` հետաքրքրվելով որոշ դպրոցներում տեղի ունեցած տհաճ միջադեպերով, մեկ էլ, բոլորովին պատահաբար, թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն ինքն իր հեղինակային հաղորդման ընթացքում բավականին բաց տեքստով անդրադարձավ հարցին` նշելով, թե «առանձին դպրոցի տնօրեններ իրենց Հռոմի պապից էլ առավել կաթոլիկ են սկսել զգալ և այլևս ոչ միայն թատրոն չեն բերում երեխաներին, այլև թույլ չեն տալիս տոմսերը դպրոց ներս տանել, պատճառաբանելով, թե, իբր, դա ևս դրամահավաք է դիտվում նախարարության կողմից»: Այլ խոսքերով` իրենց ոսկե գինդերի-ապարանջանների, անհաշիվ ավել-մաստիկաների, վերանորոգումների համար ցայսօր «հարուստ ծնողների կողմից բարեգործականի տակ հավաքվող» փողերը դրամահավաք չեն, թատրոնի 500 դրամները դրամահավաք են, «խելքի աշեցեք»։
«Բա մենք ի՞նչ անենք. հա, գուցեև սխալ է՝ աչքներս տնկենք-սպասենք, թե որ դպրոցից քանի երեխա կգա ներկայացում նայելու, բայց, մյուս կողմից էլ, չէ՞ որ, մանավանդ այս տխուր ժամանակներում, երեխաներին պիտի սովորեցնել թատրոն հաճախել, որ տարիներ անց նրանք արդեն պատրաստի հանդիսատես լինեն այլ թատրոնների համար»,-
սրտնեղում էր պարոն Ղազանչյանը, ում հյուրընկալած Հրանտ Թոխատյանը ևս համաձայն էր այդ մտքին:
Եվ իսկապես. չնայած ես ամենևին էլ կարոտախտով չեմ տառապում, բայց հստակ հիշում եմ, որ խորհրդային տարիներին գոնե մեր դպրոցում բացառվող դրամահավաքի պայմաններում, օրինակ, եթե, այնուամենայնիվ, խոսք գնար «պարտադիր ձեռքբերումների» մասին, կարող եմ վկայել, որ դրանք կամ միայն ներկայացումների տոմսեր էին կամ թերթ ու ամսագիր: Դե, «Պիոներ կանչ», «Պիոներ» ամսագիր, ահագին բան էլ բաժանորդագրվում էինք, ի միջի այլոց: Մի կողմից սա, իհարկե, գուցե վատ դիտվի անձի ազատությունը սահմանափակելու իմաստով, բայց, մյուս կողմից, հաստա՛տ ավելի վատ չի դիտվի, քան 500-1000 դոլարանոց «վիպուսկնոյներն ու էլի չգիտեմ ինչ վարինկի վեչերները` իրենց կանյակ-բամբաներկով-նվերով-բանով»…
Եվ հետո հստակ էր նաև, որ էդ ամենի արդյունքում, ինչքան էլ ծույլ, չսովորող երեխա լիներ դասարանում, ներկայացման օրն էլի մի բան ուղեղում մնում էր (մանավանդ, եթե դա զվարճալի մի բան էր լինում` առիթ տալով միմյանց հերոսների անուններով, ասենք` Ծիպիլի ու Տիմբակա, կանչել), իսկ թերթերի ու ամսագրերի ստացման օրը, մինչև տանը դրանցում նախաճաշիկ փաթաթելը, էլի բացում-լավից վատից նայում էին, մի բան «սեփականում»: Մեր ամենածույլիկը, օրինակ, գոնե երկու տարբեր նկարների միջև 10 տարբերություն որ հաստա՛տ էր գտնում: Եվ շատ արագ, ի դեպ` վայրկյանների ընթացքում. վարժվել էր…
Էնպես որ` մի բան անելուց առաջ մեկ-մեկ էլ մտածել է պետք…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5877

Մեկնաբանություններ